Անգլերենի ուսուցման բնագավառում իր գործունեությամբ և հեղինակած գրքերով հայտնի Ջիմ Սքրիվեները Բրիտանական խորհրդի հրավերով Հայաստան կժամանի փետրվարի 13-15-ը և կանցկացնի բաց դասախոսություններ անգլերենի ուսուցիչների, դասախոսների, մասնագետների, ուսանողների և անգլերենի դասավանդմամբ հետաքրքրվողների համար: Տեղեկացնում են Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերից:
Երեք օրվա ընթացքում նա հանդես կգա չորս դասախոսությամբ` ներկայացնելով ուսուցիչներին անհրաժեշտ այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնց շնորհիվ անգլերենի ուսուցումը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին և մեթոդներին: Դասախոսություններն անվճար են նախնական գրանցմամբ (www.britishcouncil.am): Դասախոսությունները տեղի կունենան Հայաստանում Ամերիկյան համալսարանում և «Անի Պլազա» հյուրանոցում:
Բրիտանական խորհուրդն անգլերենի ուսուցման ոլորտում ունի ավելի քան 70 տարվա փորձառություն: Հայաստանում Բրիտանական խորհուրդն անգլերենի դասընթացներ է անցկացնում ընկերությունների,կրթական հաստատությունների և պետական կազմակերպությունների համար: